«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՑԱՎԸ

ՑԱՎԸ
25.03.2011 | 00:00

Ցավը թափառում էր երկնքում: Ցավը երկնքի՞ ցավ էր, երկունքի՞ ցավ էր, ինքն էլ չգիտեր: Գիտեր, որ ուզում է շամփրել, կայծակել, որոտալ. ինքն իրեն այլևս չէր կարող զսպել: Իրեն գոռացող էր պետք, լաց ու կոծ անող էր պետք, իրեն անմռունչ տանող էր պետք, իրեն արտահայտող էր պետք:
Ի սկզբանե էր ցավը, և ցավն Աստծո մոտ էր: Եվ Աստված ստեղծեց մարդուն, որը մեղսավոր էր դեռևս Աստծո մեջ և այդ մեղքի համար պիտի ցավը կրեր իր ներսում: Ցավը տրվեց մարդուն, մարդն էլ ագահ, վերցրեց ու ասաց` օ՜ֆ: Ցավը շրջեց մարդկանց մարմնի ու հոգու մեջ, հզորացավ, ինքն իրեն հարգեց, ինքն իրեն պաշտեց: Ցավը շրջեց ազգերի մեջ. մի մասը չդիմացավ, անէացավ, մի մասն անզգա էր ու թուրք` բան չզգաց: Ազգերն սկսեցին ցավն իրենց վրայից ու միջից քշել ուրիշների վրա: Որտեղից փախչում էր, գալիս էր, հայի սիրտն էր մտնում, որը խոնարհ էր, անմռունչ տանում էր ցավը, համարում իր ճակատագիրը, Աստծո տված պարգևը: ՈՒ բոլորը դուրս մղեցին ցավը, հայը վերցրեց, նույնիսկ` կամավոր: Թող աշխարհի ցավն իմ մեջ մնա, թող աշխարհի ցավը ես տանեմ, թող աշխարհն առանց ցավի ու արցունքի լինի, թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի:
Ցա՛վը` մեր միսն ու արյունը: Բոլորի ցավը մեր ցավն է, մեր ցավը ոչ մեկինը չէ:
ՈՒ գնում ենք, ու ցավից մեռնում ենք, բայց, ներողամիտ ժպիտը մեր դեմքին, գո՛հ ենք Աստծուց, որ մեզ ընտրեց:
Կողքից տեսան` ձայն չենք հանում, դիմանում ենք, կոտորեցին, խլեցին ամեն ինչ, որ մենք անիծենք Աստծուն, բայց մենք ազգերի Հոբն ենք, դեռևս դիմանում ենք` երկնային մեր ցավոտ ճամփան մեր ներող աչքերի մեջ պահած:
Տե՛ր Աստված, մենք սանձել ենք ցավը, զարհուրելի այդ ուժը շղթայակապ մեր հոգիներում է, և ուզում ենք վերադարձնել նրան. նա արդեն ոչ մեկին ցավ չի կարող պատճառել. մեզնից հե՛տ վերցրու:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ